
205 դիտում
Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալում է աշխարհի ամենամեծ և հեղինակավոր գինու համտես-մրցույթներից մեկը՝ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ը (Concours Mondial de Bruxelles)։
Միջոցառման պաշտոնական բացման արարողությունը կայացավ Գառնու տաճարում, որտեղ հայկական մշակույթը ներկայացվեց իր ողջ շքեղությամբ և ինքնատիպությամբ։
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ նշելով, որ հնագույն ակունքներից սկիզբ առնելով՝ Հայաստանի գինեգործության ոլորտն այսօր ապրում է իրական վերածնունդ։ Նրա խոսքով՝ վերջին տասնամյակում ավանդույթը վերածվել է ժամանակակից և հեռանկարային ոլորտի՝ հիմնված կայուն զարգացման, նորարարության, բարձր որակի և միջազգային համագործակցության սկզբունքների վրա։
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը շնորհակալություն հայտնեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել»-ի ողջ թիմին՝ Հայաստանին հավատալու, երկրի ներուժը տեսնելու և միջազգային գինու համայնքի համար այդքան կարևոր այս իրադարձության կազմակերպումը վստահելու համար։
«Հուսով եմ՝ առաջիկա օրերին դուք կբացահայտեք ոչ միայն գինիներ, այլև յուրաքանչյուր բաժակի հետևում կանգնած պատմություններ, բնապատկերներ և դարավոր արմատներ», - նշեց նա։
«Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» համտես-մրցույթի նախագահ Բուդուա Հավոն ընդգծեց, որ մրցույթը Երևանում կազմակերպելը մտածված ընտրություն է եղել։ Նրա խոսքով՝ Հայաստանը գինեգործության պատմության բնօրրաններից մեկն է, միաժամանակ նաև ապագային միտված գինեգործական երկիր, որի շարժիչ ուժը նոր սերունդն է՝ համադրող ժառանգությունն ու նորարարությունը։
Ավելի քան 30 տարվա պատմություն ունեցող այս հեղինակավոր մրցույթն անցկացվել է եվրոպական և ասիական մի շարք երկրներում, իսկ մեր տարածաշրջանում կազմակերպվում է առաջին անգամ։
Միջոցառման շրջանակում հյուրերը կայցելեն Հայաստանի հիմնական գինեգործական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն և Տավուշ՝ հնարավորություն ունենալով բացահայտելու հայկական գինեգործության հարուստ ավանդույթները, տեղական խաղողի սորտերը և ժամանակակից գինեգործական մշակույթը։
Մրցույթին կհաջորդի նաև միջազգային շուրջ 30 լրագրողների մասնակցությամբ մեդիատուրը։
Մայիսի 23-ին՝ համտես-մրցույթի վերջին օրը, կհայտարարվի մրցույթը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչ այդ պահը գաղտնի է պահվում։